ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Բարեկեցության միակ ճանապարհը ստեղծարար աշխատանքն է, ոչ թե՝ ղումարբազությունը

Բարեկեցության միակ ճանապարհը ստեղծարար աշխատանքն է, ոչ թե՝ ղումարբազությունը
16.04.2026 | 12:00

Համաձայնեք, որ 100 ու մի արհեստի քաղաքում և առհասարակ, մեր երկրում այդպես էլ չսովորեցինք ամենապարզը՝ սեփական տունը սեփական ժողովրդի համար կառուցելու արհեստը։ Ցավալի է տեսնել, թե ինչպես է փողոցը բարեկարգվում ոչ թե այնտեղ ապրող մարդու, այլ օտարի աչքը շոյելու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սա պարզապես ասֆալտապատում չէ, սա հերթական կոսմետիկ աչքխաբությունն է։ Տարիներ շարունակ մեր երկրի պատկան մարմինները տառապում են հյուրի գալստյանն ընդառաջ թափթփված անկողինը ծածկոցով քողարկող տնտեսուհու բարդույթով։ Տասնամյակներ շարունակ՝ նույն փոսերը, նույն անորակ աշխատանքը, հիմա էլ փոխարենը սեր ու սրտիկ։ Ախր իսկական սերը որակյալ ճանապարհն է, որը չի քանդվում առաջին անձրևից և հարգանքը նախ և առաջ սեփական քաղաքացու, այլ ոչ թե զարմացած զբոսաշրջիկի կամ օտարերկրյա պետական այրի հանդեպ։

Մարդ չգիտի՝ որ մի հարցի մասին բարձրաձայնի` մեկը մեկից կարևոր և առաջնային։ Մի քանի օր առաջ շուկայի մոտ հայր ու տղա էին միմյանց հետ վիճում ու հայհոյում` տղայի՝ բուքմեյքերական ընկերությունում գումար տանուլ տալու, պարտք ու տալիքի մեջ հայտնվելու և ընտանիքը կորցնելու պատճառով։ Ազնվությամբ՝ ահավոր տեսարան էր, որը մինչև հիմա ուղեղս չի կարողանում ընկալել։

Չգիտեմ... Մեր երկիրը դանդաղ, բայց վստահորեն վերածվում է բացօթյա կազինոյի։ Ամեն քայլափոխի բուքմեյքերական ընկերություններ են, իսկ էկրաններից՝ դեմագոգիայի ու սպին-դոկտորների հնարքներ։ Առհասարակ, ցանկացած երկրում, երբ խաղամոլությունը հասնում է նարկոմանիայի աստիճանի, դա արդեն պատահականություն չէ, դա գիտակցված քաղաքականություն է։ Քանդվող տներ, կործանված ճակատագրեր ու մի հասարակություն, որը կեղեքվում է հեշտ գումար աշխատելու խաբկանքով։ Հնարավոր չէ պետություն կառուցել մի երկրում, որտեղ հիմքում դրված է մարդկանց թուլությունների վրա փող աշխատելու մեթոդները։

Իսկ ինչո՞ւ հասանք այս հանգրվանին։ Այսօրվա իրավիճակը մի քանի խորքային պատճառներ ունի, օրինակ՝

ինստիտուցիոնալ դեգրադացիան, երբ պետական կառավարման համակարգում արհեստավարժությունը զիջում է հավատարմությանը, ավելի ճիշտ՝ նեպոտիզմին։

Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները, տարիներ շարունակ, օգտագործելով արհեստականորեն ստեղծված հանրային աջակցության հնարքները, իրական խնդիրները փոխարինվում են էմոցիոնալ օրակարգերով։

Տնտեսական հեշտ փողեր աշխատելու համաճարակը, մի՞թե կառավարությունն ու ընդդիմությունը չեն գիտակցում, որ խաղադրույքների և բուքմեյքերական ընկերությունների գերիշխանությունը մեր երկրի տնտեսության մեջ վտանգավոր է, քանի որ այն արժեզրկում է աշխատանքի մշակույթը։ Չեմ հավատում, որ չեն հասկանում, որ եթե մարդը հույսը դնում է բախտի, այլ ոչ թե գիտելիքի վրա, պետությունը դատապարտված է լինելու թույլ։

Ես կարծում եմ, որ ամեն իրավիճակից կա ելք, եթե կա ցանկություն ու ձգտում։ Մեր երկիրն այս թմբիրից հանելու համար անհրաժեշտ են կտրուկ և համակարգային քայլեր, այն է

արժանիքահեն համակարգի ներդրում։ Մեր երկրում պետական պաշտոնները պետք է զբաղեցնեն ոչ թե յուրայինները, այլ տվյալ ոլորտի լավագույն մասնագետները։ Սա կվերացնի ասֆալտ չանելու, վատ անելու և նմանատիպ հազար ու մի խնդիրները։

Խաղային բիզնեսի խիստ սահմանափակումը` ոչ թե պարզապես տուգանքներ, այլ գովազդի լիակատար արգելք և խաղամոլության դեմ տարվող պետական հետևողական ռազմավարություն։ Մարդկանց խաղամոլությամբ կախվածությունը չպետք է լինի բյուջեի լրացման աղբյուր։

Կրթության և աշխատանքի պաշտամունքը` քաղաքացուն պետք է վերադարձնել այն գիտակցությունը, որ բարեկեցության միակ ճանապարհը ստեղծարար աշխատանքն է, այլ ոչ թե ղումարբազությունը։

Մեզ պետք է անցում դեմագոգիայից դեպի փաստահենք քաղաքականության և անհրաժեշտ է պետության ներքին աուդիտ՝ ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական։

Եվ վերջապես, քանի դեռ բոլոր ոլորտներում մենք հանդուրժում ենք կոսմետիկ լուծումները, նմանատիպ խնդիրները ամեն մեկիս դուռն անկոչ հյուրի նման ամեն օր թակելու են։

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ